Գյուղական դպրոցներն՝ առանց մասնագետների
Գորիս համայնքի Քարահունջի միջնակարգ դպրոցը տարածաշրջանի այն եզակի դպրոցներից է, որտեղ որպես օտար լեզու դասավանդվում են ռուսերենը և գերմաներենը: Չնայած այս հանգամանքին, տարիներ շարունակ աշակերտները անհատական պարապմունքների շնորհիվ ընդունվել են տարբեր բուհեր՝ հանձնելով անգլերեն լեզվի քննություն:
Պահանջարկից ելնելով, 2019թ. սեպտեմբերից, որպես երրորդ օտար լեզու դպրոցում սկսել են ուսումնասիրել անգլերենը, սակայն տնօրեն Արմեն Մկրտչյանի խոսքով, դասավանդող երկար են փնտրել, ի վերջո գտել են ժամանակավոր պարապող՝ շաբաթական մեկ օր ծանրաբեռնվածությամբ: Այժմ որպես երրորդ օտար լեզու, անգլերեն սովորում են միայն 5-րդ դասարանի աշակերտները: 5-րդից բարձր դասարանների աշակերտները հաճախում են դպրոցում գործող անգլերենի խմբակ:
Անի Սարգսյանը սովորում է Քարահունջի միջնակարգ դպրոցի տասներորդ դասարանում և հաճախում է դպրոցում բացված անգլերենի խմբակին:
Գորիսի տարածաշրջանի գյուղական հատուկենտ դպրոցներում աշակերտները երրորդ օտար լեզու սովորելու երջանկություն ունեն
«Գյուղ եկող զբոսաշրջիկները անգլերեն էին խոսում և մենք որևէ կերպ չէինք կարողանում նրանց օգտակար լինել»:

Անի Սարգսյան
Էլինա Աղաբեկյանը սովորում է Քարահունջի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: 2018-19 ուսումնական տարում սովորել է Ամերիկայում, վերադառնալուց հետո դպրոցում սովորելուն զուգահեռ դպրոցի աշակերտների համար բացել է անգլերեն լեզվի երկու խմբակ՝ միջին մակարդակ ունեցողների և սկսնակների համար: Խմբակը գործում է շաբաթը վեց անգամ: Հաճախում է 11 աշակերտ: Յուրաքանչյուր խումբ այցելում է շաբաթը երեք անգամ՝ օրական երկու ժամով:
Էլինան սեփական նախաձեռնությամբ անգլերենի խմբակ է բացել Քարահունջում
Հերմինե Դիլանչյանը Ներքին Խնձորեսկի դպրոցում
«Հեռավոր համայնքների փոքր դպրոցները պահպանվում են նվիրյալ ուսուցիչների աշխատանքի շնորհիվ: Նրանք դասավանդում են 20 ժամ, բայց վարձատրվում 0,25 կամ 0,5 դրույքաչափով»:


Ներքին Խնձորեսկի անգլերենի ուսուցչուհի Հերմինե Դիլանչյանը աշխատում է նաև Քարահունջում: Ներքին Խնձորեսկում տարիներ առաջ դասավանդում էր նաև կերպարվեստ: Քարահունջ հասնելու համար մոտ 50 կմ ճանապարհ է անցնում՝ օրական ծախսելով 1400 դրամ: Հարցին, թե արդյոք դժվար չէ՞ր անգլերենի ուսուցչուհու համար կերպարվեստ պարապել, Հերմինեն ասում է՝ դասի ժամանակ դպրոցականներին սովորեցնում էր օգտագործվող նյութերի անվանումների անգլերեն տարբերակները:
Քարահունջի դպրոցում նախորդ կիսամյակում բաց էին նաև աշխարհագրության դասաժամերը: Հոկտեմբերին թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել են երկու ուսուցիչ՝ Տաթև համայնքի Շինուհայր գյուղից և Գորիսից: Նախապատվությունը տրվել է Գորիսից դիմած ուսուցչին: Գորիսից Քարահունջ ուսուցիչը օրական կծախսի 200 դրամ, իսկ Շինուհայրից Քարահունջ մոտ 1200 դրամ, քանի որ Շինուհայրում հանրային տրանսպորտ չի գործում:
Հեռավոր դպրոցներն այսօր կանգնել են մեծ խնդրի առաջ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019թ.-ի հրամանով, այն մանկավարժները, որոնք իրենց բնակավայրից 5 կմ հեռավորության վրա գտնվող այլ բնակավայրի ուսուցիչ են՝ 0.5-ից ավելի հաստիքային դրույքով, ապա կարող են օգտվել երթևեկության համար տրվող փոխադրավարձերից: Սակայն օրենքում կատարվեց փոփոխություն՝ «5 կմ-ից»-ը փոխարինվեց «3 կմ-ից» բառերով, իսկ «0.5-ից ավելի»-ն՝ «0.5 և ավելի» բառերով, ինչի պատճառով հեռավոր գյուղերում աշխատող ուսուցիչներից շատերը տուժեցին: Նրանց զբաղվածությունը չի հասնում 0.5 դրույքաչափի:
Անգլերենի ուսուցիչը ժամանակին նաև կերպարվեստի ուսուցիչն էր
Հերմինե Դիլանչյան
Այդպես եղավ Վաղատուրի դպրոցում: Գերմաներենի մասնագետ չունենալու պատճառով երկու տարի առարկան չդասավանդվեց: Հետո Կրթության նախարարության թույլտվությամբ, գերմաներենը փոխարինվեց անգլերենով: 3-րդից մինչև 8-րդ դասարանի աշակերտները սկսել են սովորել առարկան: Իսկ 9-ից 12-րդ դասարանի աշակերտները ռուսաց լեզվից բացի, այլ օտար լեզու չեն ուսումնասիրում և քանի որ գերմաներենի դասընթացները կիսատ են մնացել, նրանց ավարտական ատեստատներում՝ օտար լեզվի դիմաց նշվելու է, որ չեն ուսումնասիրել առարկան, սակայն կարող են անհատական պարապմունքների հաշվին մասնակցել միասնական քննությունների:
Դպրոցում քիչ դասաժամերի պատճառով, ուսուցիչները համատեղությամբ աշխատում են նաև այլ դպրոցներում: Օտար լեզվի դասավանդումը երբեմն ուղղակի կիսատ է մնում՝ դասավանդող չգտնելու պատճառով:
Որոտանի միջնակարգ դպրոցում քիմիայի բաց մնացած դասաժամերն անցկացնում է Բարձրավանի դպրոցի ուսուցչուհին: Շաբաթվա երկու օրը նա պարապում է Բարձրավանի դպրոցում, երեքը՝ Որոտան գյուղի դպրոցում: Բարձրավան գնալ-գալու համար ծախսում է օրական 3000 դրամ, իսկ Որոտան գնալու համար՝ 500 դրամ:
Վաղատուրի դպրոցը
Առարկայական մասնագետների սակավության պատճառով դասերը դպրոցում հաճախ կիսատ են մնում
Ի դեպ, Գորիսից 33 կմ հեռավորության վրա գտնվող Բարձրավանի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է երեք աշակերտ:
Բարձրավանի միջնակարգ դպրոցում վերջին հինգ տարիների ընթացքում Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնից աշխատանքի է անցել երեք ուսուցիչ ` ըստ ՀՀ «Զբաղվածության մասին» օրենքի Հավելված N 12-ի: Օրենքի համաձայն, ձեռք բերած մասնագիտությամբ աշխատանքային փորձ ունենալու համար գործազուրկներին տրամադրվում է պետական աջակցություն, որպեսզի առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործողը առավել մրցունակ դառնա և կայուն զբաղվածություն ունենա:
«Վերջին 2-3 տարվա ընթացքում համարյա բոլոր առարկաները դասավանդվում են մասնագետների կողմից: Ունեցել ենք աշխարհագրության, այժմ էլ ունենք նաև ֆրանսերենի մասնագետի պակաս: Մասնագետները գալիս են Գորիսից՝ տաքսիով:
Մեկ ուսուցիչ պարապում է մեկից ավելի առարկա ու առարկաներից մեկը, ոնց էլ լինի, դասավանդվում է ոչ այնքան լավ:
Մասնագետների հարցում դպրոցին աջակցում է Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնը, որի աջակցությամբ դպրոցում երեք տարի աշխատել է ֆիզիկայի ուսուցչուհին, որը բացի դպրոցի աշխատավարձից, ծրագրի շրջանակներում վճարվում էր նաև Զբաղվածության պետական գործակալությունից: Դպրոցում այժմ կա երկու դասարան և ուսուցիչների աշխատավարձը կազմում է տասվեց հազարից մինչև քառասուն հազար դրամ: Եթե աջակցություն չստանանք այդ ծրագրից, դպրոցը պահելու խնդիր կունենանք: Ունենք նաև երթևեկության վարձավճարների խնդիր: Հունվարից ուսուցիչները երթևեկության համար գումար չեն ստացել ու պարտք են մնացել տաքսու վարորդին»:

Էդիկ Հովհաննիսյան- Բարձրավանի դպրոցի նախկին տնօրեն
Եթե չլինի Զբաղվածության տարածքային կենտրոնի աջակցությունը, դպրոցները լուրջ խնդիր կունենան
Բարձրավանի դպրոցը
Բարձրավանի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Էդիկ Հովհաննիսյանը 1976թ-ից աշխատում է դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ:


Շաբաթաթերթի՝ 2019-2020 ուստարվա վեց ամսվա 16 համարներում Գորիս, Տաթև և Տեղ համայնքների բնակավայրերի դպրոցների ուսուցչի թափուր տեղի համար ամենամեծ թվով մրցույթը` 18 անգամ, հայտարարվել է ֆիզկուլտուրա առարկայի համար:
ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքը թույլ է տալիս ուսուցիչ աշխատել միայն այն մարդուն, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ: Օրենքի այս կետը հատկապես հեռավոր և փոքր բնակավայրերի հանրակրթական դպրոցներում լուրջ խնդիր է առաջացրել: Անընդհատ ուսուցչի թափուր աշխատատեղեր են հայտնվում՝ մանկավարժական որակավորման բացակայության, բարձրագույն կրթության կամ անհրաժեշտ ստաժ չունենալու պատճառով: Եվ երբ դպրոցը ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարում, դրան չեն կարող դիմել նույն դպրոցի ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները, որոնք մինչ այդ, պարապել են առարկան:

Ուսումնական տարվա ընթացքում դպրոցները երեքից չորս անգամ «Կրթություն» շաբաթաթերթի միջոցով հայտարարություն են տարածում, բայց հատկապես հեռավոր գյուղերի դեպքում, ոչ ոք չի դիմում: Դասաժամերը քիչ են, երթևեկող ուսուցիչներին էլ պետությունը շատ ցածր փոխհատուցումներ է տալիս:

Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը պատիժ դարձավ հեռավոր և փոքր բնակավայրերի համար
Գորիսի տարածաշրջանի դպրոցներում պահանջվող առարկայական մասնագետների թիվը.
Արդեն աշխատող ուսուցիչների համար կիրառվեց ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի Հոդված 38-ի 5-րդ կետը, այսինքն՝ այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում օրենքի պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը, եթե մինչև 2011թ. օգոստոսի 20-ը ստացել են համապատասխան որակավորում:
Լուսանկարը՝ Գորիսի պետական քոլեջի պաշտոնական կայքից
Օրենքի այս կետի ժամկետը լրանալուն պես, բազմաթիվ դպրոցներում շատ առարկաներ կմնային առանց դասավանդողների, ուստի օրենքում փոփոխություն կատարվեց: Այս անգամ էլ ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները կարող էին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականը:
Գորիսի պետական քոլեջը նախկինում ուներ «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բաժին, որի շրջանավարտներից շատերը դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչ էին աշխատում: Սակայն, երբ ուժի մեջ մտավ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթների կարգը, քոլեջն ավարտած ուսանողներն այլևս չէին կարող աշխատել՝ միջնակարգ մասնագիտական կրթության պատճառով:
Ինչպես Հասարակագիտության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչը թույլտվություն ստացավ մասնակցել Ֆիզկուլտուրա առարկայի մրցույթին
2018թ.-ին օրենքում ևս մեկ փոփոխություն էլ է կատարվել՝ «2018» թվականը փոխարինվել է «2023»-ով: Այս փոփոխությունը հնարավորություն ընձեռեց դպրոցներում աշխատող ուսուցիչներին 5 տարվա աշխատանքային փորձ ունենալուց հետո մասնակցել թափուր տեղերի համար հայտարարվող մրցույթներին և աշխատել որպես հիմնական ուսուցիչ: Օրինակ, Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցի Հասարակագիտության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչը հինգ և ավելի տարիներ Ֆիզկուլտուրա էր պարապել և թույլտվություն ստացավ մասնակցելու առարկայի համար հայտարարված մրցույթին:
Սյունիքի մարզպետարանի Կրթության բաժնի տվյալներով, Գորիսի տարածաշրջանի ուսումնական հաստատություններում «Դասվար», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Անգլերեն», «Ֆիզիկա» և «Ֆրանսերեն» առարկաների մասնագետների կարիք կա: Դպրոցի տնօրենների խոսքով, Ինֆորմատիկայի և Ֆիզիկայի համար մասնագետներ չեն դիմում: Առարկաները հիմնականում դասավանդում են մաթեմատիկայի ուսուցիչները: Խնդիրներ են առաջանում նաև կենսաբանության և քիմիայի պարագայում: Հիմնականում դիմում են կենսաբանության համար, ընդունվում են աշխատանքի, ընթացքում՝ քիմիա դասավանդում: Ինֆորմատիկայի, քիմիայի և ֆիզիկայի դեպքում, առարկան 5 տարի պարապելուց հետո, ուսուցիչները թույլտվություն են ստանում մասնակցելու մրցույթին և մրցութային շեմը հաղթահարելուց հետո, դասավանդում են դրանք որպես հիմնական առարկա:
Ֆիզիկայի, Քիմիայի և Ինֆորմատիկայի
դասավանդման համար մասնագետներ չեն դիմում
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website